ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եկող շաբաթը թեժ է լինելու

Եկող շաբաթը թեժ է լինելու
04.04.2014 | 12:15

Կայացան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի առաջին հանդիպումները: Եթե որևէ մեկն ասի, որ սպասում էր այդպիսի արդյունք, չհավատաք: Կանխատեսելու համար դրանք չափազանց անկանխատեսելի էին:

ՈՉ-ՈՔԻՆԵՐ` ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

«Մանչեստր Յունայթեդ»-«Բավարիա» հանդիպումից հետո Դևիդ Մոյեսը շտապեց տեղեկացնել հանրությանը, որ իր թիմը լավագույն խաղերը ցուցադրում է հատկապես Չեմպիոնների լիգայում: Եթե համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդից հիշենք «Խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքում է» օստապբենդերյան հայտնի արտահայտությունը, ուրիշ ի՞նչ գնահատանք պիտի ակնկալեինք անգլիական ակումբի գլխավորից: Երկրի առաջնությունն անհուսորեն ձախողած «Յունայթեդի» խաղին, ի՞նչ եք կարծում, ուրիշ ի՞նչ որակում պիտի տրվեր թվային 1:1 արտահայտությունն ունեցող օլդթրաֆորդյան այդ իսկապես մարտական ոչ-ոքիին, մանավանդ որ այն ձեռք է բերվել Մյունխենի «Բավարիայի» հետ խաղում: Իսկ այն, որ Մոյեսը հիասթափված է բաց թողած գնդակից, այստեղ թույլ տվեք ասել, որ մեր շոտլանդացի բարեկամը, մեղմ ասած, յուղ է վառում: «Յունայթեդն» այդ խաղում արեց տվյալ փուլի համար առավելագույնը և, կարծում եմ, դա նրա երազանքների գագաթնակետն էր այս մրցաշրջանում:
Ինչ վերաբերում է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում արձանագրված ոչ-ոքիից «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի գոհ լինելուն (ի դեպ՝ նույնպես 1:1 հաշվով ավարտված), ապա այստեղ էլ ակնհայտ է նույն յուղ վառելը: Ընթացիկ մրցաշրջանում կատալոնյան ակումբը չորրորդ անգամ է ոչ-ոքի խաղում «Աթլետիկոյի» հետ, որը, ոնց էլ ուզում ես գցի-բռնի, չունի «Բարսելոնի» աստղային կազմը: Ակնհայտ է, որ խնդիրը Մարտինո-Սիմեոնե հարթությունում է ու շատ ավելի հոգեբանական է, քան խաղային: Մտածել, թե «Բարսելոնը» «Վիսենտե Կալդերոնում» գոլ չի կարողանա խփել, հանցավոր մտքերի շարքից է՝ իրականությունից էապես կտրված, բայց որ մադրիդյան պատասխան խաղը լինելու է ավելի քան լարված, կասկած չկա: Այդ խաղում մրցակից կողմերի արյան բաղադրության մեջ ոչ միայն ադրենալինի, այլև նորադրենալինի ավելցուկ կլինի, եռալու են ոչ միայն խաղադաշտ դուրս եկածները, այլև տրիբունաները: Ինչ վերաբերում է ֆուտբոլասեր կին ունեցող ընտանիքներին, զուտ սեռային համերաշխությունից ելնելով, այդպիսի ընտանիքների տղամարդկանց խորհուրդ կտամ լուծելիք հարցերը վաղապես լուծել, քանզի չկա ավելի կատաղած գազան, քան տան գազանն է: Չկարծեք, թե նորադրենալինի մասին վերը պատահաբար հիշատակեցի: Գուցե անունը ոմանց ոչինչ չհուշի, բոլոր դեպքերում իմացեք՝ այն վախի կողքին կատաղության հորմոնի ցուցիչն է: Այնպես որ՝ զգուշությունը լավ բան է:

ԵՐԵՔ ԳՈԼԸ ՈՐՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Մադրիդի «Ռեալը» Դորտմունդի «Բորուսիային» հաղթեց բոլոր առումներով: Ընդ որում, խաղը դիտածները, կարծում եմ, չպիտի առարկեն, եթե ասեմ, որ «Դորտմունդի» բախտը բերեց նման համեստ հաշվով պարտվելու հարցում, թեպետ ընդունված է 3:0-ն համարել խոշոր հաշվով հաղթանակ: Իհարկե, պատշաճությունը պահանջում է ասել, որ դորտմունդցիները խաղադաշտ էին ելել կիսով չափ թարմացված, սակայն հարկադրված թարմացված կազմով, որ բացակայում էր թիմի գլխավոր հարվածային ուժը` Ռոբերտ Լևանդովսկին, սակայն սրանք թույլ ելույթն արդարացնելու շարքի նեյնիմներից են, մինչդեռ պատմության բաժինը ֆիքսված իրողություններն են: Կկարողանա՞ սեփական հարկի տակ «Բորուսիան» փրկել իրավիճակը` թույլ տվեք կասկածել ու լրջորեն կասկածել:
«Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» դիմակայությունը Չեմպիոնների լիգայի այս փուլի եթե ոչ ամենալարվածն էր, ապա գոնե այդպիսիներից էր: Համաշխարհային ֆուտբոլի թոփ հնգյակի մեջ հայտնվելու հավակնություններ ունեցող այս երկու ակումբի ճակատումը բավական տպավորիչ ստացվեց: Ներքին առաջնությունում իրար վրա կրած երկու պարտությունից ու փաստորեն չեմպիոնական երազանքներին մնաս բարով ասելուց հետո (համենայն դեպս այսպիսին է Ժոզե Մոուրինյոյի կարծիքը), «Չելսին» պիտի ատամ ցույց տար: Առաջին խաղակեսի 1:1-ը լոնդոնյան ակումբի երկրպագուների համար բավարար հիմք էր լավի ակնկալիք ունենալու համար, սակայն Լորան Բլանի սաները ևս երկու գոլ հեղինակեցին` հաշիվը պատասխան խաղից առաջ դարձնելով տագնապեցնող: Որ «Չելսին» պատասխան խաղում ամեն ինչ է անելու իրավիճակը փրկելու համար, կասկած չկա ճիշտ նույնչափ, որչափ կասկած չկա, որ ֆրանսիական ակումբն ամեն ինչ կանի կիսաեզրափակչում հայտնվելու համար:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Մեջբերենք նրանց կարծիքները, ովքեր նյութի վերին հատվածում չեն հիշատակվել:
ԿԱՌԼՈ ԱՆՉԵԼՈՏԻ (Մադրիդի «Ռեալ»). «Մենք ամեն անգամ մտածում ենք Չեմպիոնների լիգայի գավաթը տասներորդ անգամ նվաճելու մասին, երբ նման խաղեր ենք ունենում: Սա հինգ եզրափակիչներից առաջինն էր, այժմ անհրաժեշտ է շարունակել նույն ոգով: Չնայած վերջին պարտությանը, թիմում ամեն ինչ նորմալ է: Մենք երազում ենք Չեմպիոնների լիգայի եզրափակչում հայտնվելու մասին, չէ՞ որ «Ռեալն» այնտեղ չի եղել արդեն հինգ տարի: Խաղի արդյունքից ելնելով` կարող է թվալ, թե ամեն ինչ հեշտ էր, սակայն երկրորդ խաղակեսը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Նորմալ է, որ կա ճնշում, երբ Դուք խաղում եք մեկ քառորդում»:
ՅՈՒՐԳԵՆ ԿԼՈՊ (Դորտմունդի «Բորուսիա»). «Մենք կոմպակտ չխաղացինք: Խաղացողները տեղաբաշխված էին լայնությամբ ու խորությամբ, բայց ոչ հավաք: Սակայն «Ռեալը» հաղթել է տանը, այնպես որ դա նշանակություն չունի: Մենք շատ էինք վազում ու իսկապես փորձում էինք գոնե մեկ գոլ խփել, սակայն ոչինչ չստացվեց: Մենք ավելիին ենք ունակ: Եթե լավ ֆուտբոլ ցույց տանք, կարող ենք առաջ շարժվել. հարձակման գծում խաղը դա ցույց տվեց: Պատասխան խաղում մենք պայքարելու ենք և ամեն ինչ կանենք հաղթանակի համար»:
ԼՈՐԱՆ ԲԼԱՆ («Պարի Սեն Ժերմեն»). «Կատարելագործումը սահման չունի, սակայն ինձ թվում է, որ տղաները բոլոր ուժերը տվեցին հաղթանակի հասնելու համար: Այո, մենք փոքր-ինչ տագնապում էինք «Չելսիի» հակահարձակումներից, ինչի պատճառով երկար ժամանակ բավական ճնշված էինք գործում ուրիշի դարպասի մոտ: Լոնդոնցիներն իսկապես ներկայացան որպես հզոր կոլեկտիվ, սակայն ես ուրախ եմ, որ նրանց ստիպեցինք քրտնել, ինչպես նաև կարողացանք երրորդ գնդակը խփել վերջին րոպեներին»:
ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ («Չելսի»). «Երրորդ գոլն անհեթեթ ստացվեց: Բայց և այնպես մենք գործեցինք ընդդեմ հրաշալի խաղացողներ ունեցող հրաշալի թիմի: Հատկապես հարձակման գծում: Մեր խնդիրը բարդացավ, սական չդարձավ անիրագործելի: Ֆուտբոլում ոչինչ չկա անհնար: Ի դեպ` ՊՍԺ-ն ունի ֆուտբոլիստներ, ովքեր ոչնչից կարող են գոլ ստեղծել, իսկ մեր թիմը չունի «գոլ կերցնող» մեծ թվով տաղանդներ: 1:1 հաշվի դեպքում ես փոխեցի տակտիկան, քանի որ մտածեցի, որ Շյուռլեի փոխարեն Տորեսի դաշտ դուրս գալն ավելի խորություն կտա մեր խաղին: Անդրեի հետ կապված ամեն ինչ նորմալ էր, սակայն ես մտածեցի, որ Ֆեռնանդոն մեզ ավելին կտա»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ